Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Գնդակը ԲՀԿ-ի դաշտում է

Գնդակը ԲՀԿ-ի դաշտում է
10.02.2015 | 01:36

Երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստ էր հրավիրվել, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, օրակարգում, ինչպես նիստից հետո ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ներքաղաքական իրավիճակն էր, ներկուսակցական հարցեր, նախորդ քառօրյայի հետ կապված խնդիրներ: Նա խոստացավ, որ հինգշաբթի օրը՝ ՀՀԿ խորհրդի նիստից հետո՝ որպես հրապարակային, ժողովրդական կուսակցություն, որը բաց է հասարակության առաջ, կտրվեն բոլոր հուզող հարցերի պատասխանները: Օրվա «հուզող հարցի» առնչությամբ Էդուարդ Շարմազանովը ասաց. «ՀՀԿ-ն պաշտոնապես դապապարտել, դատապարտում և դատապարտելու է Հայաստանում բռնության ցանկացած դեպք, մեզ համար դա անթույլատրելի է: Մենք հուսով ենք, որ ՀՀ իրավապահ մարմինները կկատարեն իրենց պարտականությունները, և մեղավորները կպատժվեն: Մենք անթույլատրելի ենք համարում մեր որոշ գործընկերների՝ էմոցիոնալ, իրականությունից կտրված, դեմագոգիկ և պոպուլիստական հայտարարությունները, որոնց համար, կարծում ենք, իրենք, երբ սթափ դատողության տիրույթում հայտնվեն, գուցե զղջան և ամաչեն իրենց ասածներից: Բոլորս պետք է հարգենք անմեղության կանխավարկածը, որևէ մեկն իրավունք չունի իր գործընկերներին՝ անկախ ընդդիմություն են, իշխանություն, մեղադրանքներ ներկայացնել, դա վերդիկտ չէ, իրենք դատարան չեն, իսկ եթե ունեն փաստեր, կարող են իրավապահ մարմիններին ներկայացնել: Ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ միջադեպն ամենաքիչը ձեռնտու էր իշխանությանը, ավելին՝ իշխանությունների շահերից չի բխում և դա իշխանությունների ձեռագիրը չէ: Խորհուրդ եմ տալիս իմ բարեկամներին կրակի վրա յուղ չլցնել: Չի կարելի նման ձևով քաղաքական պայքար իրականացնել»:
Հընթացս հարցերի ճշտվեց, որ նիստում անդրադարձ եղել է խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանի ելույթին և չի քննարկվել որևէ պաշտոնանկության հարց՝ «Մեր օրակարգում պաշտոն փոխելու խնդիր չկա»: Ճշտող հարցին, թե որոշ լրատվամիջոցներում քննարկվում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի հարցը, Շարմազանովն արձագանքեց. «Եթե Հայաստանում կան մի քանի պրոֆեսիոնալ պաշտոնյաներ, մեկը Վլադիմիր Գասպարյանն է»:
Փաստորեն ՀՀԿ-ն արդեն երկուշաբթի երեկոյան պատասխանեց ԲՀԿ-ի կիրակի օրվա ուլտիմատիվ հայտարարությանը՝ պաուզա վերցնելով մինչև հինգշաբթի, և այդ պաուզան լցնելով կոնկրետ դիրքորոշմամբ՝ գտեք ձեր մեղավորին, մենք կապ չունենք ու չենք ընդունում ձեր էմոցիոնալ, իրականությունից կտրված, դեմագոգիկ և պոպուլիստական հայտարարությունները, դուք դատարան չեք, դատավճիռ մի ներկայացեք, հրաժարականներ մի պահանջեք: Պատասխանը սպասելի էր բովանդակությամբ, անսպասելին արագություններ էր, որով ՀՀԿ-ն պատասխանեց ԲՀԿ-ին՝ նրան կամ վերջնականապես ուղղելով իրավական ու կանխատեսելի գործողությունների դաշտ, կամ՝ բաց պայքարի դաշտ, որտեղ անմեղության կանխավարկածը կա, բայց չկան խաղի կանոններ: Ո՞րը կընտրի ԲՀԿ-ն: Հայտարարությունների ու ելույթների մակարդակում՝ երկրորդը, իրական քաղաքականության մակարդակում՝ առաջինը: Ելույթը՝ ելույթ, բայց հրապարակային գործունեությունը այսբերգի երևացող մասն է, իսկ այսբերգը վտանգավոր է չերևացող մասով, ոչ ոք ջրի վրա չգիտի՝ ինչ կա ջրի մեջ ու չարժե ջուրը նետվել, երբ մանավանդ լողալ չգիտես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փաստորեն հիմա արդեն գնդակը ԲՀԿ-ի դաշտում է: Եթե հրապարակավ հայտարարում են, որ Հայաստանը «գանգստերական երկիր» է, հավատալու են իրավապահների՞ն, թե՞ իրենք ևս գործելու են իբրև «գանգստեր»:

Դիտվել է՝ 1213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ